Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը
Տեղանքը հայտնի է նաև իր առողջարաններով, հիանալի բնությամբ և մաքուր լեռնային օդով: Առողջարանային քաղաքի շուրջը գտնվող բլուրների բարձունքից բացվում է խիտ ծառերի, ջրվեժների, գունագեղ մարգագետինների և զարմանալի ժայռերի գեղեցիկ համայնապատկեր: Ջերմուկի մեկ այլ հպարտությունը հանքային ջրերի իր ըմպելասրահն է, որը խորհուրդ է տրվում այցելել առողջության տարբեր խնդիրներ ունեցողներին: Քաղաքի տարածքում կան բազմաթիվ հին պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր: